Գլխավոր Ավելին

Օստեոպորոզ. ախտանիշներ, պատճառներ, հետևանքներ և կանխարգելում. օրվա խորհրդով

Հոկտեմբերի 20-ը Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վնասվածքաբան-օրթոպեդ Էրիկ Քոսյանը անդրադարձել է այս հիվանդությանը վերաբերող հաճախ տրվող հարցերին՝ ախտանիշներին, պատճառներին, հետևանքներին, կանխարգելմանը և այլն:

Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները:

Ինչ է օստեոպորոզը: Հիվանդություն է, որն արտահայտվում է ոսկրերի խտության նվազմամբ, դրանց միկրոկառուցվածքային խախտմամբ, փխրունության բարձրացմամբ և կոտրվածքների ռիսկի բարձրացմամբ:

Ինչ ռիսկի գործոններով է պայմանավորված հիվանդության զարգացումը: Այն բազմապատճառային հիվանդություն է, զարգացումը կապված է ժառանգական նախատրամադրվածությունից, ապրելակերպից, ֆիզիկական ակտիվությունից, էնդոկրինոլոգիական վիճակից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից, որոշակի դեղերի ընդունումից, և օրգանիզմի ֆիզիոլոգիական ծերացման հետ:

Ինչ ախտանիշներ կարող են լինել: Օստեոպորոզը երկար ժամանակ ընթանում է առանց հստակ կլինիկական նշանների: Հիվանդների մոտ շատ հաճախ առաջին ախտանիշը լինում է աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած կոտրվածքը։ Առավել հաճախ ախտահարվում են ողերի մարմինները՝ ընդ որում մեկ ողի կոտրվածքը կարող է լինել առանց ախտանիշների, իսկ ողնաշարի շրջանի ցավն առաջանում է, երբ տեղի են ունենում հարակից մի քանի ողերի մարմինների կոտրվածքներ: Օստեոպորոզի մյուս ցայտուն ախտանիշը հասակի նվազեցումն է։

Ինչպես է ախտորոշվում: Օստեոպորոզի ախտորոշման մեթոդներից են կլինիկական անամնեզը, ճառագայթային ախտորոշման և բիոքիմիական մեթոդները։ Որպես ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում դենսիտոմետրիան։

Ինչպիսին է տարածվածությունը ըստ սեռատարիքային կազմի: Կանայք շատ ավելի հաճախ են ունենում օստեոպորոզ, քան տղամարդիկ։ Այսպես օրինակ՝ դաշտանադադարի սկսվելուց հետո առաջին հինգ տարիների ընթացքում կանայք կորցնում են իրենց ոսկրային զանգվածի ¼-ը, իսկ վաղ (մինչև 45 տարեկան) և վիրաբուժական դաշտանադադարը (ձվարանների հեռացումից հետո) մեծացնում են օստեոպորոզի առաջացման վտանգը։ Հիվանդության առաջացման պատճառներից է որոշակի հորմոնների քանակի նվազեցումը, որի հետևանք է օրգանիզմի այսպես ասած ծերացման, հետևաբար տարիքի հետ զուգընթաց օստեոպորոզի զարգացման հավանականությունը բարձրանում է։ Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում հիվանդությունը հաճախ հանդիպում է նաև երեխաների և դեռահասների մոտ:

Ինչ հետևանքներ կարող են լինել: Օստեոպորոզի հիմնական հետևանքը ոսկրի փխրունության առաջացումն է, որը բերում է ախտաբանական կոտրվածքների առաջացման, այսինքն կոտրվածքներ, որոնք առաջանում են աննշան վնասվածքի հետևանքով։ Հիմնական թիրախային ոսկրերը օստեոպորոզի ժամանակ ողերի մարմիններն են, ազդրոսկրի վզիկը, ճաճանչոսկրի դիստալ մետաէպիֆիզը։

Ինչպես կանխարգելել: Օստեոպորոզը կանխելու լավագույն միջոցը բավարար կալցիումով առողջ սննդակարգն է, ֆիզիկական բավարար ծանրաբեռնվածությունը և օրգանիզմին վիտամին D-ով ապահովելը, առողջ ապրելակերպը և վնասակար սովորություններից հրաժարվելը

×
facebook sharing button facebook